ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կորսված կյանքիս օրագիրը

Կորսված կյանքիս օրագիրը
19.10.2024 | 21:34

ԱՐԴՅՈՔ ԹՈՒ՞ՐՔ ԵՆՔ ՄԵՆՔ

-Մըսյո՛, ես խնդրում եմ, հաղորդե՛ք մըսյո Վարդան Հարությունյանին, որ նրան ուզում է հանդիպել իր վաղեմի ծանոթ Վարդանի որդին Թուրքիայից, ո՛չ, ո՛չ, Արևմտյան Հայաստանից,- գիտական հիմնարկի մուտքը հսկող աշխատակցին ասաց բարձրահասակ,գրավիչ դեմքով, կապույտ, գեղեցիկ աչքերով մի տղամարդ:
Աշխատակիցը զանգահարեց հեռախոսով և հաղորդեց Վարդանին, որ նրան ընդունարանում սպասում է իր բարեկամ Վարդանի որդին:
Վարդանը ոչ ոքի չէր սպասում, առավել ևս, որ Վարդան անունով հարազատ կամ բարեկամ չուներ, բայց իջավ հանդիպելու նրան՝ կարծելով, թե ֆրանսիացի աշխատակիցը սխալ է արտասանել անունը:
Մի քանի րոպե անց վերելակից իջավ հիսունն անց մի տղամարդ, շուրջը նայեց, և ծանոթ որևէ մեկին չտեսնելով, ուզում էր հետ գնալ, երբ լսեց իր անունը.
-Վարդա՛ն:
Վարդանն այդ պահին միայն նկատեց նախասրահում կանգնած տղամարդուն. անծանոթ մարդ էր՝ հիսունին մոտ, բայց մի քանի րոպե ուշադիր նայելով նրա դեմքին, ասես նրա աչքերի առաջ կանգնեց մեկ տարի առաջ Արևմտյան Հայաստանում հանդիպած թուրք մոլլան: «Որդին է»,- մտածեց Վարդանը և մոտեցավ նրան:
-Բարև Ձեզ, ֆրանսերեն խոսու՞մ եք:
-Այո, բայց ավելի վարժ՝գերմաներեն:
-Խնդիր չէ, ես գերմաներեն նույնպես լավ եմ խոսում: Դուք շատ նման եք Ձեր հորը, ինչպե՞ս է նրա առողջությունը, հա՛, ինչպե՞ս գտաք ինձ:

-Իմ անունը Մուսլիմ է,- և մեկնեց ձեռքը: Վարդանը նույնպես մեկնեց ձեռքը: Մուսլիմն ամուր սեղմեց Վարդանի ձեռքը և նայեց նրա աչքերի մեջ:

-Հորս օրագիրը կարդալուց հետո ես սկսեցի ավելի ուշադիր նայել մարդկանց դեմքին, մանավանդ՝ աչքերին և ինձ համար բացահայտումներ արեցի:
Մեր չորս եղբայրների աչքերը առանձնանում էին մեր շրջապատի շատ մարդկանց աչքերից, մեր աչքերը նման են հորս և մորս աչքերին՝ յուրահատուկ կապույտ երանգ ունեն և շագանակագույն են , մի տեսակ լուսավոր թախիծ կա նրանցում, թեև մենք ապրել ենք անհոգ և ապահով մանկություն, կրթություն ենք ստացել, մինչև հիմա ապրել ենք հանգիստ ու ապահով: Հա՛, հայրս Ձեզ հետ հանդիպելուց երեք ամիս հետո մահացավ, նրա օրագիրն ու գիրքը պատահաբար գտանք մահից չորս ամիս անց:

Մուսլիմը կաշվե պայուսակից հանեց երկու տարբեր ծրարների մեջ դրված հոր Օրագիրը՝ ձեռագիր, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանված տարբերակները և մի առանձին ծրար, որի մեջ մետաքսե կտորով փաթաթված «Սուրբ գիրքն» էր:

-Վարդա՛ն, կարո՞ղ ես քո թանկ ժամանակից ինձ մեկ ժամ տրամադրել, ես ուզում եմ ՝ մենք զրուցենք:
Վարդանն ուշադիր նայում էր Մուսլիմի ձեռքի այդ ծրարներին, և ինքն էլ անհամբեր էր՝ իմանալու դրանց բովանդակությունը, իսկ թափանցիկ ծրարի մեջ դրված գիրքը՝ փաթաթված ոսկեգույն մետաքսե մաշված կտորով, նա անմիջապես ճանաչեց:

-Իհարկե, սիրով, ես ինքս էլ ուզում եմ հարգել Ձեր հայրիկի հիշատակը…Մուսլի՛մ, ես բարձրանամ իմ աշխատասենյակ, վերցնեմ իրերս և կիջնեմ մի քանի րոպեից:
Մուսլիմը ժպտաց և գլխի թեթև շարժումով համաձայնեց:
Մինչ Վարդանը կիջներ, Մուսլիմը բացեց հոր օրագրի գերմաներեն թարգմանությունը և գորովանքով սկսեց թերթել և հիշել հորը․ ինքը և եղբայրները ցավ ու ափսոսանք էին զգում, որ ավելի վաղ չեն իմացել, անձամբ չեն լսել հոր պատմածը, չեն լսել Վարդանի զրույցը իրենց հոր հետ։ Բայց որ Վարդանը կարողացել է նվիրյալ մոլլայի և Մուսլիմի ու նրա եղբայրների մեջ արթնացնել հայի արյունն ու հիշողությունը, վկայում է այն, որ երկուսն էլ սրտի ցավ են ունեցել։ Մուսլիմը ձեռքի ափով շոյեց օրագրի բաց էջը և զգուշությամբ տեղադրեց անթափանց պոլիէթիլենե ծրարի մեջ։ Հենց այդ պահին բացվեց վերելակի դուռը, և դուրս եկավ Վարդանը՝ ձեռքին կաշվե պայուսակ։ Նա մոտեցավ մուտքի հսկիչ աշխատակցին, տվեց նրան իր աշխատասենյակի բանալին, հրաժեշտ տվեց ու արագ մոտեցավ Մուսլիմին, ձեռքը դրեց նրա ուսին․

-Ես պատրաստ եմ, կարող ենք գնալ։ Մեր փողոցում, որտեղ ես եմ ապրում, հայկական լավ սրճարան կա, որտեղ առանձին փոքրիկ սրահներ կան․կնստենք առանձին՝ հեռու՝ սրճարանի ժխորից։ Մուսլի՛մ, դու հետևիր իմ մեքենային։
Մուսլիմը մի քանի անգամ եղել էր Փարիզում, բայց ամեն անգամ ինքն իր համար մի նոր ու գրավիչ բան էր հայտնաբերում, բայց այս անգամ նա ասես Փարիզում չէր և իրեն գրավող ոչինչ չկար։ Նա համակ ուշադրությամբ հետևում էր Վարդանին, որ հանկարծ հետ չընկնի, նրանց միջև որևէ մեքենա չհայտնվի։ Վարդանի մեքենան փոքրիկ շրջադարձ կատարեց, ընթացքը դանդաղեցրեց և մի տասը մետր հետո կանգնեց մի սրճարանի կայանատեղիում։ Դուրս եկավ մեքենայից, դուռը փակեց և շրջվեց Մուսլիմի մեքենայի կողմը, ձեռքով արեց, որ նա հետևի իրեն։
Վարդանը, սովորության համաձայն, արագ մոտեցավ սրճարանի դռանը, կարծելով, որ նույն արագությամբ էլ Մուսլիմը կգա, բայց դուռը բացելիս տեսավ, որ Մուսլիմն իր կողքին չէ։ Տարակուսած հետ նայեց, տեսավ Մուսլիմը կանգնել է մուտքից մի քանի քայլ հեռու և նայում է ցուցանակին։ Մի պահ Վարդանն ուզեց կանչել նրան, բայց երբ տեսավ Մուսլիմի՝ աշխարհից վերացած հայացքը, ինքն էլ կարկամեց․
Սրճարանի ճակատին ցուցանակի վրա հայերեն և ֆրանսերեն գրված է՝
«Վանա Լիճ» և մի տեսարան Վանա կապուտակ ծովակից՝ հեռվում Ախթամարը՝ արևածագի շողերում:
Մուսլիմը, որ դեռ չէր հասցրել կարդալ ֆրանսերեն գրածը, իսկ հայերենը բնականաբար չէր կարող կարդալ, Վանա լիճն ու հեռվում երևացող Ախթամարի վանքը տեսնելով՝ասես քարացավ տեղում․նա կանգնել էր սրճարանի մուտքից մի երկու մետր հեռու, որպեսզի տեսնի լճի համապատկերը։ Հետո անսպասելի պայուսակից հանեց մետաքսի կտորով փաթաթված գիրքը, կտորը զգուշությամբ հեռացրեց և գիրքը բարձրացրեց վեր՝ ասես ուզում էր այն ցույց տալ Ախթամարի վանքին:
Մուսլիմը սթափվեց սրճարան մտնող մի խումբ մարդկանց ուրախ ձայներից․հայեր էին։ Նա տեսավ, որ Վարդանը մեքենայի մոտ չէ, տարակուսած նայեց շուրջը․մի՞թե Վարդանն իրեն մենակ է թողել:Հենց այդ պահին նա լսեց Վարդանի ձայնը, որ ձեռքով էր անում։ Մուսլիմը նույնպես ձեռքով արեց և արագ մոտեցավ նրան։
Սրճարանի ներսում այնքան լուսավոր էր, ասես արևոտ օր լիներ։ Վարդանը նկատեց Մուսլիմի հիացած հայացքը և ասաց․

-Հայաստանի արևի պես լույս է տալիս։
-Այո՛, ինձ թվաց՝ ես Արևմտյան Հայաստանի մեր քաղաքում եմ․ճիշտ այսպես է լուսավորում մեր՝ հայկական արևը, ես ուրիշ ոչ մի երկրում չեմ տեսել այդքան լուսավոր արև․․․Կարծեմ Բիբլիայում է գրված, որ Դրախտը եղել է Հայաստանում, այսինքն՝ մարդկության առաջին տունը Հայաստանն է եղել։

Մուսիլիմը լռեց և սեղանին դրված Սուրբ Գիրքը, մատների ծայրով մեղմ շոյեց։
-Վարդա՛ն, թո՛ւյլ տուր քեզ եղբայր ասեմ,-ասաց Մուսլիմը և աջ ձեռքով բռնեց Վարդանի ձեռքը։ Վարդանը ժպտաց և ձախ ձեռքը դրեց Մուսլիմի ձեռքին․
-Իհարկե, եղբա՛յր ու բարեկամ․․․Մենք՝ հայերս, որտեղ էլ ապրենք, ասում ենք՝ բոլոր հայերն իրար եղբայր են ու բարեկամ։ Գիտե՞ս, դա շատ է օգնում օտար երկրում ապրող հայերիս․մենք գիտենք, որ ունենք հայ համայնք, ունենք եկեղեցի, դպրոց, անգամ՝բարձրագույն դպրոց, ունենք մե՛ր տեղեկատվական աղբյուրները՝ թերթ, ռադիո, հեռուստաալիք, բարեգործական կազմակերպություն, Հայ երեխաների ու երիտասարդների մարմնակրթական հիմնարկներ։ Եթե համայնքի որևէ անդամ նյութական կամ բարոյական, առողջական խնդիրներ է ունենում, համայնքն օգնում է նրան․դա նաև բարեկամ-եղբայր հային մենակ չթողնելու մեր շատ կարևոր պարտականությունն է, որը փոխադարձ կապով է ամրանում․հայը որտեղ էլ լինի, միշտ պահում է իր հոգևոր և նյութական կապը հայի հետ․․․Սա մեր առավելությունն է։
Մուսլիմը լսում էր ուշադիր, բայց ասես իր մտքերի, թե հուշերի մեջ էր նաև։ Մուսլիմը երկար լռելուց հետո խոսեց.
-Գիտե՞ս, Վարդա՛ն, մեր ընտանիքն ապրել է առավելապես քիչ շփումներով․գիտես, որ հայրս հոգևորական էր, և մենք շարքային հավատացյալների և նրանց ընտանիքների հետ գրեթե չէինք առնչվում։ Ճիշտ է, մենք ունեինք մեր դպրոցական ընկերները, նրանց հետ խաղում էինք, բայց ընտանեկան հաղորդակցություն գրեթե չկար։ Բայց մեր փողոցում ապրում էին ընտանիքներ, որոնք իրենց նիստուկացով, իրար հանդեպ ունեցած վերաբերմունքով տարբերվում էին մյուսներից։ Ես հիշում եմ, որ հայրս մորս հետ զրուցելիս մեզ համար անհասկանալի բաներ էր ասում․

«Այդ մարդիկ այդպես էլ մնացին իրենց սովորույթներին, իրենց ճաշատեսակներին անդավաճան։ Այդ 50 ընտանիքներն ապրում էին համայնքով, օգնում էին իրար ուրախության և դժբախտության ու դժվար օրերին, ու հայրս ասում էր, որ այդ մարդիկ թեև իսլամ են ընդունել, սակայն նրանց հավատի մեջ ինչ-որ մաքուր, կրոնից վեր բան կար։ Հայրս ափսոսում էր, որ ինքը չի կարողանում սովորեցնել քրդերին, թուրքերին ու չեչեններին այդ սկզբունքներով ապրել: Այդ ժամանակ հայրս չգիտեր, որ ինքը հայ է:
Մուսլիմն ասես ինքնաբերար սեղմեց Վարդանի ձեռքը։
-Մուսլի՛մ, հայրդ իրավացի է եղել։
Մուսլիմը երկար նայեց Վարդանի աչքերի խորքը ․Վարդանին թվաց, որ Մուսլիմը իր հոր հետ իրենց զրույցն է ուզում իմանալ:
-Մուսլի՛մ, ես հասկանում եմ քեզ ․դու ուզում ես ճանաչել քո հայ հորը, որովհետև դու ճանաչում էիր քո հորը՝ որպես թուրք մոլլայի: Ինձ համար ցնցող բացահայտում էր պարոն Վարդանի Հայ լինելը, ինչպես և իր համար էր ցնցող:Երբ ես պատմեցի գրքի վերջին էջերում իր եղբոր ձեռքով գրված իրենց ընտանիքի պատմությունը, հայրդ հեկեկում էր երեխայի նման։ Հորդ արտասվելը հուզեց ինձ մինչև հոգուս խորքը, և մենք՝ երկու հայ տղամարդիկ, լալիս էինք մեր կորուստների համար, և այդ կորուստները նյութական չէին:

-Վարդա՛ն, հորս մահից հետո և մանավանդ նրա ձեռագիրը հայտնաբերելուց հետո ես սկսեցի կարդալ օտար պատմաբանների և քաղաքական գործիչների գրքերն ու հոդվածները հայ- թուրքական հարաբերությունների մասին․այդ հեղինակները եվրոպացիներ են, և նրանց խոսքը անաչառ է, որովհետև հայերը քաղաքական ուժ ունեցող պետություն չեն, որ նրանց օգտին կամ պատվերով գրվեին այդ անաչառ պատմություններն ու վերլուծությունները։ Ես կարդացել եմ ցեղասպանության՝ որպես քաղաքական և պատերազմական հանցագործության բնութագումն ու դատապարտումը, ես իմացա, որ հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, անգամ հետո՝ հանրապետական Թուրքիայում, ճանաչվել է որպես պատմական անժխտելի իրողություն, որ դա եղել է 20-րդ դարի ամենադաժան ցեղասպանությունը, և որ Ցեղասպանության՝ որպես քաղաքական հանցագործության ձևակերպման հիմք են ընդունել Հայոց Ցեղասպանության դրսևորումները, որոնք դարձան Ցեղասպանություն իրողությունը բնորոշող բանաձև:
Հրեաները օգտվեցին դրանից: Բայց հրեաների հոլոքոստը արմատապես տարբերվում է Հայոց ցեղասպանությունից․ ես կարևոր և անաչառ բացահայտումներ արեցի եվրոպացի, ամերիկացի, Մերձավոր Արևելքի ցեղասպանագետների հետազոտություններից և մեկնաբանություններից. այն դաժանությունները, որոնց ենթարկվել են հայերը, անժխտելի են, և թուրքական ոչ մի պատմաբան կամ քաղաքական գործիչ չի կարող ժխտել կամ հերքել։ Ոչ միայն Օսմանյան Կայսրության շրջաններում ապրող հայերին են ենթարկել ցեղասպանության և վտարել իրենց բնակավայրերից, այլև զանգվածաբար նրանց գաղթեցրել են իրենց պատմական hայրենիքից, որտեղ նրանք ապրել էին դարերով, ստեղծել և արարել էին անգամ իրենց hայրենիքի տարածքում գործող բարբարոս ու բռնակալ պետության համար։ Հայերի ցեղապանությունը կրկնակի հանցագործություն է, որովհետև ոչնչացրել են ժողովրդին՝
ա) հայ լինելու պատճառով,
բ) հայրենազրկել են՝ ենթարկելով նրան patriocid-ի, որն էլ կարող էր հայերին զրկել նաև սեփական պետություն ունենալու իրական հնարավորությունից։ Ի դեպ, հենց այս պատրիոցիդը՝ հայրենազրկումը, հիմնական տարբերությունն է հրեաների հոլոքոստի և հայերի ցեղասպանության միջև: Հայերը ենթարկվեցին ցեղասպանության նաև իրենց պատմական հայրենիքում և հայրենազրկվեցին, իսկ հրեաները ենթարկվել են կոտորածի Գերմանիայում և Եվրոպայում, նրանք չեն կորցրել իրենց հայրենիքը, դեռ ավելին՝ նվեր ստացան Պաղեստինից մի տարածք, որտեղ հիմնեցին իրենց պետությունը, որը դարձրեցին իրենց համար հայրենիք:
Մուսլիմը լռեց մի պահ։ Վարդանը, որ ուշադիր լսում էր Մուսլիմին, զարմացել էր նրա այդքան շատ գիտելիքներից և սեփական մեկնաբանություններից, ամենայն հավանականությամբ, հոր օրագիրը ցնցել է նրան։
Մի երկու կում սառը «Ջերմուկ» խմելուց հետո Մուսլիմը շարունակեց․

-Ցեղասպանությունը միայն իր պատմական հայրենիքում կամ այլ երկրում որևէ ազգի ֆիզիկական ոչնչացումը չէ։ Ցեղասպանություն է նաև մարդկանց ազգային ինքնությունից բռնությամբ կամ սահմանադրորեն զրկելը։ Մենք՝ պաշտոնապես թուրք համարվող չորս եղբայրներս, բռնությամբ և դաժանորեն թրքացված մարդկանց զավաներ ենք և ընդամենը մեկ տարի առաջ ենք իմացել մեր իսկական ազգային պատկանելության մասին։ Դուք երևի գիտեք, որ մի քանի տարի առաջ՝ 2008 թվի դեկտեմբերին, Թուրքիայում մի խումբ մտավորականներ համացանցում ստորագրավաք էին կազմակերպել՝ «Հայե՛ր, ներեցե՛ք մեզ» վերտառությամբ։ Առաջին 24 ժամվա ընթացքում 8000 մարդ էր ստորագրել․սա ցնցել էր և՛ իշխանություններին, և՛ Թուրքիայի բնակիչներին՝ անկախ նրանց ազգությունից։ Շատերը մտածեցին, որ կազմակերպիչներն ու ստորագրողները ծպտյալ հայեր են։ Անկեղծ ասած, երբ դեռ չգիտեի իմ իրական ազգային ծագումը, դատապարտել եմ նրանց՝ համարելով այդ գործողությունը դավաճանություն․ իմ համոզմունքն էր, որ չի կարող ազնիվ և հայրենասեր թուրքը ներողություն խնդրել հայերից, ովքեր թիկունքից հարվածել են թուրքական պետությանը՝ հանուն իրենց ապօրինի անկախության։ Այդ ժամանակ ես անգամ հստակ չգիտեի թյուրքերի իրական ծագումնաբանությունը․բազմաթիվ հեղինակների գրքերն ու հոդվածները և հայտնի հանրագիտարանները կարդալուց հետո ես իմացա, որ թուրքերը եղել են շեղաչք, մոնղոլոիդ մարդաբանական տեսակ, սակայն վերջին 300-400 տարիներին փոխվել է նրանց ռասան․այսօր ժամանակակից Թուրքիա պետության` պաշտոնապես թուրք համարվող ժողովուրդը դարձյալ` պաշտոնապես, համարվում է եվրոպոիդ, իսկ մենք՝ պաշտոնապես թուրք համարվողներս, երբեք չենք մտածել այդ հարցի շուրջ, թե ինչու՞ աշխարհում բոլոր թյուրքալեզու ժողովուրդները մոնղոլոիդ են, իսկ մենք՝ Թուրքիայի բնակիչներս, որ, ըստ էության, Փոքր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ հույների և հայերի հայրենիքի տարածքում թուրք- սելջուկների բռնությամբ ստեղծված պետության քաղաքացիներն ենք, մոնղոլոիդ չենք։ Հարցրե՛ք ցանկացած թուրքի, թե ինչու ինքը մոնղոլոիդ չէ, ինչպես յակուտները, ույղուրները, ուզբեկները, ղրղըզները, ղազախները և մյուս միջինասիական և սիբիրյան ժողովուրդներն են, նա կա՛մ կծիծաղի քո հիմարության վրա, կա՛մ կվիրավորվի: Մինչդեռ ոչ միայն սովորական թուրք համարվողը չի հարցնում գիտնական- մարդաբաններին, այլև աշխարհի քաղաքագետներն ու քաղաքական գործիչները չեն հարցնում հենց թեկուզ պետական-պաշտոնական հանդիպումների ժամանակ Թուրքիայի պետական քաղաքական գործիչներին՝ բա, ինչպե՞ս է, որ դուք մոնղոլոիդ չեք, եթե թյուրք եք, և ինչու՞ եք ձեզ թուրք կոչում և ձեր պետությունն էլ՝ Թուրքիա, եթե այդ պետության մեջ շեղաչք թյուրք չկա: Եվ գիտե՞ս, Վարդան, ինձ ի՞նչը համոզեց, որ իրապես մենք թուրք չենք, հենց մարդաբանական հակասությունը վերջնականապես հաստատեց և այդ հակասությունը վերափոխվեց քաղաքականի, դա ևս հաստատեց և համոզեց ինձ և իմ եղբայրներին, որ մենք հայ ենք։
Մուսլիմը մի պահ լռեց և ձեռքը կրկին դրեց մետաքսե կտորով փաթաթված գրքին․ նա ասես նոր միտք էր ուզում զարգացնել, բայց տատանվում էր:
-Մուսլի՛մ, հավանաբար դու ուզում ես ասել, որ եթե Թուրքիայում ազգաբնակչության գերակշռող մասը, որը պաշտոնապես թուրք է համարվում, սակայն իրականում թյուրք չէ իր էթնիկ ծագումով, պարզապես թուրքախոս է, միջազգային օրենքի համաձայն չի կարող այդ պետությունը պաշտոնապես կոչվել Թուրքիա, քանի որ չկա այդ պետության տիտղոսակիր ազգը՝ թյուրք ժողովուրդը:

-Վարդա՛ն,եղբա՛յրս, դու ինչպե՞ս կռահեցիր, թե ես ինչ էի ուզում ասել,-ասաց Մուսլիմը՝ հիացած ու զարմացած,- ես իհարկե չունեմ բավարար քաղաքական գիտելիքներ, բայց այն, ինչ ես հասցրել էի կարդալ, ինձ բերել էր հենց այդ մտքին, պարզապես ես չէի կարող այդպես հստակ ձևակերպել միտքս։ Այո՛, Թուրքիա անվանումով պետություն չպետք է լինի երկու պարզ փաստարկով․
ա) թյուրք –սելջուկները այս տարածաշրջանում բնիկներ չեն եղել, նրանք բռնությամբ և դաժանություններով նախ՝ գրավել են Փոքր Ասիա թերակղզին, որտեղ Բյուզանդական կայսրությունն էր, ապա նաև Հայկական լեռնաշխարհը, որտեղ հազարամյակներ ապրել են hայերը և ստեղծել իրենց պետությունն ու մշակույթը, ցավոք այդ ժամանակահատվածում hայերը կորցրել էին իրենց թագավորական պետությունը,
բ) բնիկ ժողովուրդների՝ հայերի, հույների և բյուզանդական կայսրության իշխանության տակ ապրող ազգերի հայրենիքի տարածքի վրա են հիմնում իրենց բռնապետությունը, ոչ թե իրենց էթնիկ բնակության վայրերի՝ Ալթայում, Կենտրոնական Ասիայի տափաստաններում:

Նրանք երկար դարեր վարում էին ոչ միայն դաժան և բռնակալական քաղաքականություն բնիկ ժողովուրդների հանդեպ, այլև բռնի ուծացման քաղաքականություն էին իրականացնում, զրկում էին այդ ժողովուրդներին ազգային ինքնությունից՝ պարտադրելով ընդունել իսլամ, լեզվափոխ լինել, ապա, ժամանակակից հասկացությամբ՝ մարդահամարի սկզբունքով նրանց պաշտոնապես ներկայացնում էին որպես թյուրք․․․Դա է իրողությունը:

Սեղանին մոտեցավ մատուցողը՝ մատուցարանի վրա դրված մի շիշ հայկական կոնյակ, հայկական մրգեր ու շոկոլադ, և դրեց սեղանին․
-Պարոնա՛յք, Ձեզի կհյուրասիրեն Բեյրութցի հյուրերը, մատուցարանին մեջ անոնց այցեքարտն ալ կա,-ասաց մատուցողը հայերեն և հեռացավ։
Վարդանը զարմացավ․նա վերցրեց այցեքարտը և դարձերեսին կարդաց․«Բարև, հա՛յ եղբայրներ, մենք լսեցինք պատահմամբ ձեզի․ դուք գերմաներեն կզրուցեիք մինչև ձեր գողտրիկ սրահն ընտրելը, մենք այնպես հասկըցանք, որ դուք՝ երկուքդ ալ, հյուր եք Ֆրանսա։ Ընդունեցե՛ք մեր հյուրասիրությունը․անու՛շ ըլլա։ Եթե բանի մը կարիք ունենաք, մենք սիրով օգտակար կըլլանք Ձեզի»։
Վարդանը փորձեց հիշել, թե ովքեր կարող են լինել այս հայերը, որ լսել են իրենց գերմաներեն խոսելիս։ Կարծես այն փոքրիկ խումբն է, որ սրճարանի մուտքի մոտ հանդիպեցին: Նրանցից մեկը մի պահ կանգնեց, նայեց Վարդանին և Մուսլիմին և զարմացավ , որ գերմաներեն են խոսում։ ՈՒրեմն այդ հայ երիտասարդներն են այս կոնյակն ու հայաստանյան մրգերն ու շոկոլադե սալիկը հյուրասիրել։

Մուսլիմին նախ թվաց, թե կոնյակը Վարդանն էր պատվիրել, բայց երբ տեսավ հայկական շոկոլադե սալիկի վրա դրված գեղեցիկ ձևավորված այցեքարտը, զարմացավ․ այցեքարտի վերին ձախ մասում պատկերված էին Արարատ զույգ լեռները և այցեքարտի ստորին աջ անկյունում նույնպես զույգ Արարատները:Մուսլիմը չհասկացավ Արարատ լեռան պատկերների կրկնության խորհուրդը այդ փոքրիկ այցեքարտի վրա և հարցական նայեց Վարդանին։ Վարդանը ժպտաց և այցեքարտը տվեց Մուսլիմին․

-Մուսլի՛մ, այս հայկական կոնյակն ու շոկոլադը մեզ հյուրասիրել են այն հայ երիտասարդները, որոնց հետ միասին մենք մտանք սրճարան։ Նրանք լսել են մեր գերմաներեն խոսքը և կարծել են, թե մենք Գերմանիայից եկած հայեր ենք, և գուցե օգնության կարիք կունենաք օտար քաղաքում:
Մուսլիմը զարմացավ, բայց հետո ասաց․

-Այո՛, հայրս իրավացի էր, երբ հիացած էլ մեր քաղաքում մեկուսի ապրող այն համանքով, ես հիմա համոզվում եմ, որ նրանք հայեր են եղել:
-Այո՛, ես էլ եմ կարծում, որ նրանք հայեր են եղել:
Մուսլիմը շարունակում էր ուշադիր նայել այցեքարտի վրա պատկերված Արարատներին։
- Մուսի՛մ, դու տեսե՞լ ես Արարատ լեռը կամ գոնե՝ լուսանկարչական պատկերը։
-Արևելյան Հայաստանից ՝ ո՛չ, բայց հորս օրագիրը կարդալուց հետո փնտրել- գտել եմ Արարատի բազմաթիվ լուսանկարներ և տեսագրություններ, մանավանդ մեր մայրաքաղաք Երևանից երևացող պատկերները ցնցող են։Ես առաջին անգամ համացանցում տեսա ոչ թե Արարատի լուսանկարը, այլ փաստագրական ֆիլմի տեսքով․ես ցնցված էի, ինձ թվում էր՝ ես վաղուց տեսել էի Արարատը, ինձ ծանոթ էր ամեն թուփ ու քար, ես ասես նրա լանջերով քայլել էի երկար, իսկ նրա հատած գագաթը ես բարձրացել էի ու լվացվել նրա սուրբ ձյունով:
Մուսլիմի աչքերը փայլեցին արցունքներից․այդ հուզմունքն ու արտասվելը իրեն էլ զարմացրեց:

-Մինչև Փարիզ գալս,- շարունակեց Մուսլիմը,- ես մեկնեցի Բայազետ՝ իրական Արարատը տեսնելու․իհարկե չեմ բարձրացել, որովհետև լեռը բարձրանում են միայն հուլիս-օգոստոս ամիսներին։ Բայազետից Արարատն այն արքայական պատկերը չունի, որովհետև նրա լանջերին շատ կան բազաթիվ մեծ ու փոքր սարեր ու բլուրներ:
-Այո՛, Արարատին պետք է հեռվից նայել, այդ դեպքում բոլոր բլուրները նսեմանում են:Այցեքարտի վրա պատկերված է Արարատը Երևանից և Արարատը Արևմտյան Հայաստանից․խորհուրդն այս է՝ մենք՝ հայերս, մեր սուրբ լեռան շուրջն ենք:

Մուսլիմը ոգեշնչված լսում էր Վարդանին, ապա վերցրեց այցեքարտը և սկսեց ուշադիր նայել։

-Վարդա՛ն, թո՛ւյլ տուր մեր անունից պատասխան հյուրասիրություն մատուցել բեյրութցի մեր հայ եղբայներին, կանչի՛ր, խնդրում եմ մատուցողին։
-Իհարկե, ես նույնպես մտածեցի այդ մասին, հիմա կկանչեմ մատուցողին և կպատվիրենք։
Վարդանը սեղմեց սեղանին դրված զագը, մատուցողը մոտեցավ, և Մուսլիմը Վարդանի խորհրդով ընտրեց ուղարկելիք նվերը, մատուցողից խնդրեց թուղթ, վրան նկարեց այցեքարտի վրա պատկերված Արարատի պատկերը Երևանից և Արևմտյան Հայաստանից և ուզեց գրել ֆրանսերեն, բայց այդ պահին Վարդանը վերցեց թուղթը և գրեց հայերեն․
«Եթե հայ ենք, եղբայր ենք ու բարեկամ ենք․․․Մենք հայ ենք․Վարդան, Վահե․․․», և թարգմանեց Մուսլիմին։
-Վարդա՛ն, եղբա՛յրս, դու ինչպե՞ս իմացար, որ ես և իմ եղբայրներն ուզում ենք փոխել մեր անունները․ ես որոշել եմ ինձ անվանակոչել իմ Վահե հորեղբոր անունով․այսպես նրա հիշատակը վառ կմնա:
Վարդանը խորհրդավոր ժպտաց։
-Մուսլի՛մ, դուք հայրիկիդ օրագիրը թարգմանել եք ֆրանսերեն և գերմաներեն, իսկ ինչու՞ հայերեն չեք թարգմանել:
Մուսլիմն ասես զարմանքից քարացավ․ ինչպե՞ս իրենց՝ չորս եղբայրներից ոչ ոք չի մտածել այդ մասին:
-Խնդիր չէ, մենք կթարգմանենք։ Կարո՞ղ եմ տեսնել օրագիրը։
Մուսլիմը պայուսակից հանեց երեք փաթեթները՝ բնագիը, գերմաներեն և ֆրանսերեն թարգմանությունները։ Վարդանը վերցրեց օրագրի տարբերակները, որոնք ձևավորված էին գրքի տեսքով, իսկ ձեռագիրը խնամքով հավաքված էր գեղեցիկ կազմի մեջ և վրան գրված էր՝ «ԿՈՐՍՎԱԾ ԿՅԱՆՔԻՍ ՕՐԱԳԻՐԸ»․․․ Վարդանը երկար նայեց վերնագրին, ապա վերցրեց ֆրանսերեն տարբերակը, բացեց և էջ առ էջ սկսեց թերթել․ ասես իր առջև նստած էր ծեր մոլլան և արտասվում էր: Մուսլիմը շունչը պահած հետևում էր:
Երբ Վարդանը ավարտեց օրագրին ծանոթանալը, մի տեսակ ափսոսանք երևաց նրա դեմքին։
-Բավական լավ է թարգմանված, թեթև խմբագրման կարիք ունի։ Մուսլի՛մ, գիտե՞ս ինչ մտածեցի այս պահին․միասին քննարկենք․«Սուրբ Գրքի» վերջին էջերում ձեր հորեղբոր գրած պատմությունը կարելի է, գուցե և անհարաժեշտ է պատճենել և ներառել հայրիկիդ «Օրագրի» մեջ․ դա կլինի, այսպես կոչված, նյութական ապացույց «Օրագրի» բովանդակության հավաստի լինելու:
Մուսլիմը կարկամեց․իսկապես, ինչպես չեն մտածել իրենք:
-Վարդա՛ն, եղբա՛յրս, դու այս որքա՜ն խորն ես ընկալում ամեն բան:Շնորհակալ եմ քեզ։ Իհարկե համամիտ եմ քեզ հետ․ առանց մեր ընտանիքի այս դաժան պատմության՝ «Օրագիրը» նվազ հավաստի կթվա․․․Ուրեմն այն նույնպես պետք է թարգմանել։
- «Օրագրի» և ձեր ընտանիքի պատմության հայերեն թարգմանությունը թո՛ղ ինձ, մենք կունենանք՝ չորս լեզվով այս ողբերգական պատմությունը:
-Վարդա՛ն, իմ լա՛վ եղբայր, մենք որոշել ենք մեր պապերի և մեր հոր ու հորեղբոր, մեր մոր և մյուս հարազատների ծանր ու դաժան կյանքի պատմությունը հրատարակել առանձին գրքով , որպեսզի Թուրքիայում ապրող բռնի թրքացված բոլոր ազգերը չմոռանան իրենց արմատները, և, ինչպես մեր իմաստուն հայրն էր ասում, լսենք մեր արյան ձայնը և վերադառնանք բնության ամենահզոր օրենքին՝ տեսակի պահպանման անխախտ օրենքին:

Ահա մեր հոր պատմությունը, որը հավանաբար նման է թրքացած շատ մարդկանց պատմությանը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից, և այդ նմանությունն ապացուցում է, որ թրքացումը եղել է պետականորեն մշակված քաղաքականություն, իսկ դա, ըստ էության, ցեղասպանության դրսևորումներից Է։ Վարդա՛ն, իմ լա՛վ եղբայր, թու՛յլ տուր, բարձրաձայն կարդամ հորս «ՕՐԱԳԻՐԸ» ես այդպիսով կհաղորդակցվեմ իմ հոր հոգու հետ, և ես նրան մի քանի րոպե կյանք կտամ, թեև գերմաներեն թարգմանությունն է, բայց հորս հոգին ներկա է այստեղ։
(շարունակելի)

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
1998-2024 թթ․

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ